Ֆրանսիական Elle-ին մեղադրում են ռասիզմի մեջ

Ֆրանսիական Elle-ին մեղադրում են ռասիզմի մեջ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայում «ռասիստական» սկանդալ է բորբոքվել Elle ամսագրում սևամորթների համաշխարհային նորաձևության վերջին միտումների մասին հոդվածի հրապարակման պատճառով, գրում է InoPressa-ն` հղում կատարելով Corriere della Sera թերթին:

Ամեն ինչ սկսվեց հրատարակության կայքում նյութի հրապարակումից այն մասին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ընտանիքը նպաստել է ԱՄՆ-ում աֆրոամերիկացիների ոճի փոփոխությանը: Հոդվածի հեղինակ Նատալի Դոլիվոն նշում է, որ նրանց արտաքինը գնալով ավելի քիչ է կապվում հիփ-հոփի և փողոցային նորաձևության ավանդույթների հետ և մոտենում է «սպիտակ» բուրժուազիայի էլեգանտ ոճին:

Որպես օրինակ Դոլիվոն ներկայացրել է հայտնի ամերիկյան երգչուհի Ռիհաննային` նշելով, որ սևամորթ աստղերը գնալով ավելի հաճախ են հրաժարվում բարձրակրունկ սաբոներից և ոսկե շղթաներից` գերապատվությունը տալով ժանյակներին և բլուզներին:

Բավական էր, որ այդ հոդվածը հայտնվեր Elle կայքում, և աղմկահարույց սկանդալ բորբոքվեց: Ամսագրի գլխավոր խմբագիր Վալերի Տորանիանը սկզբում փորձում էր պաշտպանել իր ենթակային հարձակումներից, բայց երբ ցասումնալից մեկնաբանությունների թիվը գերազանցեց հազարը, հանձնվեց և խմբագրական հոդված հրապարակեց` ներողություն հայցելով:

Սկանդալի «մեղավորն» ինքը երդվում է, որ չէր ցանկանում վիրավորել որևէ մեկին, այլ միայն փորձում էր ընդգծել, որ այսօր ամերիկյան սևամորթ հասարակությունն իրենք շատ ավելի ինքնավստահ է զգում, ուստի պատրաստ է տարբեր ոճեր փորձարկել:

Բայց, ըստ ամենայնի, Elle-ի ներողությունը բավարար չի լինի: Մասնավորապես, հայտնի մարտինիկյան ծագման ֆրանսիական սևամորթ լրագրողուհի Օդրի Պյուլվարը հրատարակությունն անվանել է «անարժեք», իսկ հոդվածը` «խելագար և ռասիստական»: Իսկ Ֆրանսիայի Սևամորթների ասոցիացիայի խորհուրդը պատրաստվում է դատական հայց ներկայացնել ամսագրի դեմ, հաղորդում է Newsru.com-ը:

Արժե նշել, որ ռասիզմի կամ հակասեմիտականության մեջ մեղադրանքներին Ֆրանսիայում մոտենում են ավելի քան լրջորեն, առավել ևս, եթե դրանց դրսևորման մեջ նկատում են հայտնի մարդկանց: Այդպես 2011 թվականի սեպտեմբերին Փարիզում 6 հազար եվրոյի չափով տուգանքի դատապարտվեց հայտնի բրիտանական մոդելյեր Ջոն Գալյանոն: Christian Dior-ի նախկին արտ-տնօրենին մեղադրել էին նույն տարվա փետրվարին փարիզյան սրճարաններից մեկում երկու այցելուների հետ վեճի ժամանակ հակասեմիտական և ռասիստական արտահայտությունների մեջ: Այդ միջադեպից հետո նրան վռնդեցին Dior նորաձևության տնից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---