31 հունվարի 2012 - 14:18 AMT
Կուսակցությունները որոշել են պարզել, թե ինչու կոռուպցիան երկրում չի հաղթահարվում

Հունվարի 31-ին Երևանում կազմակերպվել էր «Ինչու չենք հաղթահարում կոռուպցիան» թեմայով քննարկում, որի կազմակերպիչն է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնը: Ինչպես ասել է կենտրոնի ավագ մասնագետ Ռուբեն Մեհրաբյանը, չնայած նրան, որ հայտարարություններ են արվում ամենաբարձր մակարդակով և որոշ միջոցներ ձեռնարկվում են, կոռուպցիան այնուամենայնիվ ոչ միայն չի պակասում, այլ նաև ավելանում է: «Քաղաքացիները զգում են նրա դրսևորումներն ամեն օր: Ավելին, պայքարը կոռուպցիայի դեմ երկրում ժողովրդավարության կայացման գլխավոր գործոնն է, ուստի մեզ հարկավոր են կառուցվածքային փոփոխություններ, ոչ թե միայն քաղաքական ու քաղաքացիական կամք»,-ասել է նա:

ՀՀԿ ներկայացուցիչ Արա Հովհաննիսյանը հավելել է, որ իշխանությունները համարում են, որ այո, կոռուպցիան իրոք չարիք է և խոչընդոտում է ժողովրդավարության կայացմանը երկրում, սակայն չի համաձայնվել, թե համապատասխան քայլեր այն հաղթահարելու համար չեն ձեռնարկվում: «Այլ հարց է, որ դեռևս կան չլուծված խնդիրներ առանձին ոլորտներում, ուստի արդյունքները գոհացուցիչ չեն»,-ասել է նա: Ըստ նրա, կա այն կամքը, որն ուղղված է կոռուպցիան հաղթահարելուն, այդ թվում նաև ընտրությունների օրինականության ապահովման գծով, իսկ դրա համար պետության ու հասարակության համատեղ աշխատանք է հարկավոր, առավել ևս, որ կոռուպցիան երկրում զգալիորեն նվազել է: