31 հունվարի 2012 - 14:54 AMT
Հոլանդիայի «Կարոտ» հայկական ժողովրդական պարային համույթը 10 տարեկան է

Հոլանդիայի Լերդամ քաղաքում նշվել է «Կարոտ» հայկական ժողովրդական պարային համույթի 10-ամյակը: Հանդիսությանը մասնակցել են Նիդերլանդների Թագավորության և հարակից երկրների հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև պատվավոր հյուրեր Հայաստանից և ԱՄՆ-ից:

«Կարոտ» համույթն անցած տարիների ընթացքում արժանացել է Եվրոպայի տարբեր երկրներում բնակվող հայերի համակրանքին ու սիրուն: Հարյուրավոր համերգները «Կարոտին» դարձրել են Եվրոպայում հայկական մշակույթի պահպանման յուրօրինակ խորհրդանիշ:

Համույթի ղեկավար Լուսինե Բունիատովան նշել է «Կարոտ» համույթի նպատակը` որ երբևէ չպառակտվի նոր սերնդի կապը հայկական մշակույթի հետ, և հայրենիքը սփյուռքի հետ կապող բարակ թելերը գնալով ավելի ամուր դառնան: «Ամեն անգամ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ հայությունը կորցրած և իրենց արմատները մոռացած երիտասարդներին»,- նշել է նա: