31 հունվարի 2012 - 14:59 AMT
Բաքվում լրջորեն քննարկում են ԵԱՀԿ ՄԽ-ում Թուրքիայի համանախագահության հնարավորությունը

«Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը վկայում է Ֆրանսիայի կողմնակալ դիրքորոշման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբում: Այդ մասին SalamNews-ին է հայտարարել Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր, «Ենի Ադրբեջանի» անդամ Մալահատ Իբրահիմղզին:

Նա նշել է, որ օրենքի ընդունումը «հուսախաբ արեց ադրբեջանական ժողովրդին Ֆրանսիայի վերաբերյալ ղարաբաղյան կարգավորման հարցում»:

«Իրականում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ԵԱՀԿ ՄԽ-ում պետք է ներկայացված լինի Թուրքիան: Քանի որ Թուրքիան տարածաշրջանային երկիր է և միշտ ջանքեր է գործադրում առկա հակամարտությունների կարգավորման ուղղությամբ: Պատմությունը ցույց է տալիս, որ Թուրքիան միշտ ինտենսիվ հարաբերություններ է հաստատում տարածաշրջանի երկրների հետ, նա ավելի շատ հնարավարություն ունի ազդելու ղարաբաղյան հակամարտության լուծման վրա, քան Ֆրանսիան»,-ասել է պատգամավորը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում:

Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի: