31 հունվարի 2012 - 18:36 AMT
Ֆիլիպ Լեֆոր. Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում այլընտրանք չունի

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵՄ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը, զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին և համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին և տարածաշրջանային խնդիրներին:

Ներկայացնելով Եվրամիության դիրքորոշումը` Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորն ընդգծել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում այլընտրանք չունի, և բանակցությունների ձևաչափի փոփոխությունը չի կարող արդյունավետ լինել: