Ադրբեջանական դրաման շարունակվում է. Ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց

Ադրբեջանական դրաման շարունակվում է. Ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց

PanARMENIAN.Net - Վրաստանի բուհերում սովորող ադրբեջանցի ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց` ի նշան Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման դեմ բողոքի:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ վրացական բյուրեն, ադրբեջանցի ուսանողները անգլերեն, ադրբեջաներեն և վրացերեն լեզուներով տարբեր կարգախոսներ էին վանկարկում Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի դեմ: Այնուհետև Վրաստանի Թուրքերի համադաշնության փոխնախագահ Ասադ Ալիևն ընթերցել է Ֆրանսիայի Սենատին ուղղված հայտարարությունը: Դրանում ասվում է, որ այդ որոշումը խախտում է ոչ միայն թուրքերի, այլև Ֆրանսիայի քաղաքացիների խոսքի ազատության իրավունքը. «Այդ գործով պետք է զբաղվի ոչ թե Ֆրանսիայի Սենատը, այլ պատմաբանները: Օրենքը հակասում է Ֆրանսիայի Սահմանադրության 34-րդ հոդվածին, և այն պատճառ կդառնա, որպեսզի Ֆրանսիայում սովորող թուրքերը ստիպված լինեն կիսատ թողնել իրենց ուսումը: Օրենքը խոչընդոտում է նաև Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը: Վրաստանում բնակվող 600 հազ. ադրբեջանցիների անունից բողոք ենք արտահայտում այդ որոշման դեմ»:

Հայտարարության տեքստը անգլերեն և ֆրանսերեն լեզուներով ներկայացվել է Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցչին:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Օրինագծի քվեարկությանը մասնակցել է 213 սենատոր, օրինագիծն ընդունվել է 127 «կողմ» և 86 «դեմ» ձայներով: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Թուրքիան սպառնում էր լիովին խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ օրինագծի ընդունման դեպքում: Ավելին` թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե այլևս երբեք Ֆրանսիա չի մեկնի, եթե օրինագիծն ընդունվի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---