ԿԳՆ-ն հետևողական վերահսկողություն է իրականացնելու ավագ դպրոցներում հաճախելիության նկատմամբ

ԿԳՆ-ն  հետևողական վերահսկողություն է իրականացնելու ավագ դպրոցներում
հաճախելիության նկատմամբ

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են հանրապետության ավագ դպրոցների տնօրենները, ՀՀ ԿԳՆ-ի, Կրթության ազգային ինստիտուտի, Կրթական տեխնոլոգիաների ազգային կետրոնի, Կրթության պետական տեսչության և այլ կառուցների պատասխանատուները:

Խորհրդակցության ընթացքում նախարարի կողմից տրվել են ոլորտում կարգապահության ապահովման և բովանդակային խնդիրներին վերաբերող խիստ հանձանարականներ, քննարկվել են ընթացիկ մի շարք հարցեր:

Հանդիպման ընթացքում նախարարը նշել է, որ նախարարության կողմից կատարված տնտեսումների հաշվին ՀՀ կառավարության կողմից շուրջ 200 մլն դրամ հավելյալ հատկացում է արվել ավագ դպրոցներին: Անդրադառնալով ավագ դպրոցի կրթական ծրագրերի բովանդակային խնդիրներին, նշել է, որ սկսած 2011-12 ուսումնական տարվանից, նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում սովորողները նույնպես հանրակրթական բաղադրիչի համար պետական ավարտական և միասնական քննությունները հանձնելու են կենտրոնացված եղանակով՝ Գնահատման և թեստավորման կենտրոնում:

Խորհրդակցության ընթացքում նախարարն անդրադարձել է ավագ դպրոցներին առնչվող մամուլում և սոցիալական ցանցերում տեղ գտած ահազանգերին: «Հաճախակի են դարձել լուրերն այն մասին, որ որոշ դպրոցներում ծնողների, տնօրենի և ուսուցչների փոխհամաձայնության արդյունքում, աշակերտները դպրոց չեն հաճախում: Դա ուղղակի անթույլատրելի է, դպրոցի տնօրենի անմիջական պարտականությունն է ապահովել ուսումնական գործընթացի կարգապահությունը»,- նշել է նախարարը և շեշտել, որ այսուհետ ԿԳՆ-ի կողմից համակարգված և հետևողական վերահսկողություն է իրականացվելու ավագ դպրոցներում հաճախելիության նկատմամբ: Դժգոհություններն, ըստ նախարարի, վերաբերում են հատկապես 12-րդ դասարանցիներին. «Հատկապես 12-րդ դասարանցիները գան ու նստեն դասի»,- շեշտել է նախարարը և հավելել, որ ԿԳՆ-ի կողմից առաջիկայում կիրականացվեն ստուգումներ և հայտանաբերված դեպքերի նկատմամբ կցուցաբերվի խիստ մոտեցում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---