1 փետրվարի 2012 - 10:50 AMT
Ուկրաինացի փորձագետ. Ֆրանսիայում Ցեղասպանության օրինագծի ընդունումը միանգամայն արդարացի է

Ֆրանսիայում ցեղասպանության ցերաբերյալ օրինագծի ընդունումը շատ արդարացի է: Այդ մասին Analitika.at.ua-ին է հայտարարել ուկրաինացի գիտնական, Սկովորոդիի անվան փիլիսոփայական համալսարանի տնօրեն, Ուկրաինայի ԳԱԱ ակադեմիկոս Միրոսլավ Պոպովիչը:

«Կան բոլոր փաստաթղթային վկայությունները, որոնք ապացուցում են հայ ազգի դեմ իրականացված հրեշավոր հանցագործությունը: Բոլորին էլ հայտնի է, որ ցեղասպանություն է իրականացվել: Իսկ ակնհայտ փաստերի համառ հերքումը, ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, որից բոլորը տառապում են»,-հայտարարել է նա:

Նախօրեին 76 սենատորներ դիմել են Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ` ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վերանայման խնդրանքով:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Օրինագծի քվեարկությանը մասնակցել է 213 սենատոր, օրինագիծն ընդունվել է 127 «կողմ» և 86 «դեմ» ձայներով: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: