1 փետրվարի 2012 - 12:16 AMT
Այսօր մեկնարկում է «Ես գիտեմ» հանրային իրազեկման արշավը

Այսօր մեկնարկում է «Ես գիտեմ» հանրային իրազեկման արշավը, որն իրականացվում է «Ամերիա» խորհրդտվական ընկերության կողմից` Համաշխարհային բանկի (ՀԲ) ֆինանսավորմամբ, այսօր լրագրողներին այս մասին ասաց «Ամերիա» ՓԲԸ զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, հավելելով, որ ծրագրի նպատակն է ՀՀ քաղաքացիներին իրազեկել կառավարության կողմից 2007-2012 թթ հանրային կառավարման ոլորտում իրականացված բարեփոխումների մասին:

«Այսօրվանից հեռուստատեսությամբ, ռադիոյով, վեբ-կայքերով, ֆեյսբուքով կմեկնարկի գովազդային արշավը, որի նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը: Նախատեսված են նաև մի շարք այլ միջոցառումներ, որոնց մասին դեռևս չենք հայտնում: Մեր նպատակն է ձևավորել պահանջարկ բարեփոխումների նկատմամբ»:

Դատաիրավական բարեփոխումների 2-րդ ծրագրի խմբի ղեկավար Դավիթ Մելիքյանը նշում է, որ արդեն ժամանակն է հանրությանն իրազեկել, կառավարության կողմից ներդրված գործիքների մասին. «Համակարգը չի կարող լիարժեք գործել առանց ներքևից ճնշման կամ բարեփոխումների պահանջի: Շատ դեպքերում գործը դատարան չի հասնի, եթե քաղաքացին տեղյակ լինի իր իրավունքներին»:

Մելիքյանը տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակում կներդրվի դատավորների ուսուցման և գնահատման համակարգ:

Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Ես գիտեմ» արշավը կտևի մեկ ամիս, և կարժենա մոտավորապես 100.000 ԱՄՆ դոլար: Հետադարձ կապի ապահովման համար այսօրվանից կգործեն 527000 հեռախոսահամարը և esgitem.am կայքը: «Մեկ ամիս անց կգնահատենք արշավի արդյունքները ու ՀԲ-ի հետ համատեղ կորոշենք` անհրաժեշտ է շարունակել թե ոչ», ասաց Տիգրան Ջրբաշյանը: