1 փետրվարի 2012 - 15:25 AMT
Հարյուր տարվա մեջ առաջին անգամ մարդիկ հնարավորություն կունենան լսելու Օտտո ֆոն Բիսմարկի ձայնը

Թոմաս Էդիսոնի ամերիկյան թանգարանն ինտերնետում տեղադրել է Գերմանիայի 19-րդ դարի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկի ձայնի թվայնացված ձայնագրությունը: Նրա ձայնն ավելի քան 100 տարի ոչ ոք չէր լսել:

Մոմե սկավառակի վրա ձայնագրությունը կատարվել էր 1889-ին ամերիկացի հետազոտող Թոմաս Էդիսոնի աշխատակիցներից մեկի կողմից: Մեկ տարի անց Բիսմարկը հրաժարական էր տվել, իսկ 9 տարի անց՝ մահացել: Սկավառակը գտնվել է 1957-ին Էդիսոնի թանգարանի պահոցում:

Այժմ ձայնագրությունը թվայնացվել է և տեղադրվել համացանցում:

Բիսմարկի ձայնը վատ է լսվում, բայց կարելի է հասկանալ, որ նա բանաստեղծություններ է ասում, երգում և դիմում իր որդուն: Մի պահ Բիսմարկն անսպասելի երգում է Ֆրանսիայի ազգային հիմնի՝ «Մարսելյոզի» առաջին տողերը: