1 փետրվարի 2012 - 17:36 AMT
ԱՊԼ հերթական գագաթաժողովը տեղի կունենա Բաղդադում` 22 տարի անց

2012 թվականին Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գագաթաժողովը որոշվել է անցկացնել Բաղդադում: Վերջին անգամ նման հանդիպում Իրաքի մայրաքաղաքում տեղի է ունեցել 1990 թվականին: Եռօրյա գագաթաժողովը, ինչպես սպասվում է, տեղի կունենա մարտի վերջին, հաղորդում է BBC-ն:

ԱՊԼ ներկայացուցիչներն ասում են, որ դրանից առաջ իրաքյան իշխանությունները պետք է լուծեն պատվիրակների անվտանգության ապահովման և տարբեր պահանջարկների կատարման հարցերը: Միայն վերջին ամսվա ընթացքում Բաղդադում ավելի քան 200 մարդ է սպանվել:

Արաբական պետությունների լիգան միջազգային կազմակերպություն է, որը միավորում է արաբական պետությունները, ինչպես նաև մի շարք նրանց բարեկամական ոչ արաբական պետություններ, որոնցում արաբերենը պաշտոնական լեզուներից մեկն է: Կազմակերպությունը բաղկացած է 22 անդամ պետություններից, ստեղծվել է 1945 թվականին: Կազմակերպության գերագույն մարմինը Լիգայի Խորհուրդն է, որում անդամ պետություններից յուրաքանչյուրն ունի մեկ ձայն: Լիգայի կենտրոնական գրասենյակը գտնվում է Կահիրեում: