2 փետրվարի 2012 - 10:33 AMT
Շատ հեռուստաալիքներ շահագրգռված են WikiLeaks-ի հիմնադրի թոկ-շոուն ցուցադրելու մեջ

Ջուլիան Ասանժի ներկայացուցիչները հաղորդել են, որ Russia Today ռուսական պետական հեռուստաալիքը միակ հեռարձակողը չէ, որն իր եթերում ցույց է տալու WikiLeaks կայքի ստեղծողի թոկ-շոուն:

Այն մասին, որ Ասանժն իր հեռուստածրագիրն է վարելու RT-ի եթերում, անցյալ շաբաթ Twitter-ի իր միկրոբլոգում հաղորդել է հեռուստաալիքի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը:

Ինչպես բացատրել է WikiLeaks-ի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Խրաֆնսոնը, շոուն անկախ նախագիծ է, որի ցուցադրման իրավունքները ստանալու են աշխարհի շատ հեռուստաալիքներ: «Ջուլիան Ասանժի օգնականները կապվել են շատ ԶԼՄ-ների հետ այդ նախագծի առիթով»,- ասել է Խրաֆնսոնը: Նրա խոսքով, հեռուստածրագրի բովանդակաության խմբագրական վերահսկողությունն իրականացնելու է հենց Ասանժը:

Մարգարիտա Սիմոնյանը հաստատել է, որ հեռուտսաալիքը մտադիր չէ խառնվել թոկ-շոուի խմբագրական քաղաքականության մեջ, հաղորդում է BBC-ն: