2 փետրվարի 2012 - 11:15 AMT
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկել է Դիջիթեքը

Փետրվարի 1-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկել է Դիջիթեքը, որի առաջին օրը կրթահամալիրի մեդիաընթերցասրահների օրն էր: Գրադարանի ղեկավար Մարի Գաբանյանը ներկայացրել է թվային միջոցների օգտագործումը գրադարանային գործի կազմակերպման մեջ և անլար համացանցով, ՏՏ-ներով ապահովված մեդիաընթերցասրահները` որպես ուսումնական պարապմունքների որակապես նոր միջավայր:

Դպրոցներում կազմակերպված բաց պարապմունքների միջոցով ցուցադրվել են գրքերի թվայնացման ձևեր, մեդիագրադարանից օգտվելու, ուսումնական մեդիաընթերցարանի միջոցով ուսումնական աշխատանքի կազմակերպման փորձը:

Ստուգատեսի ծրագրով ամեն օր կրթահամալիրում ներկայացող գործընկեր ՏՏ կազմակերպություններից առաջինը «Մայքրոսոֆթի ԱրԷՅ»-ն էր: Տնօրեն Գրիգոր Բարսեղյանը և ծրագրավորման պատասխանատու Դավիթ Քոչարյանը սովորողների և ուսուցիչների մեծ լսարանին են ներկայացրել Մայքրոսոֆթի նորույթները, կրթության հեռանկարը` ըստ Մայքրոսոֆթի: Ստուգատեսը կշարունակվի նախօրոք հրապարակված ծրագրով: