2 փետրվարի 2012 - 12:12 AMT
Ալեքսանդր Իսկանդարյան. Հայկական հարցը Ֆրանսիայի ներքին քաղաքականության մաս է դարձել

Հայկական հարցը, ինչպես և Թուրքիայում, այպես էլ Ֆրանսիայում դարձել է ներքին քաղաքականության մաս: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Այն, որ Ֆրանսիայի նախագահը կողմ է օրենքի ընդունմանը, միանշանակ է, սակայն ինչպես կընթանա գործը Սահմանադրական դատարանում, ասել չեմ կարող»,-հայտարարել է նա:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

Թուրքիան շատ ցավագին է ընդունել այդ օրինագծին Սենատի հավանություն տալը` հայտարարելով Ֆրանսիայի հետ քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության սառեցման մասին: