2 փետրվարի 2012 - 12:36 AMT
Կիրո Մանոյանը ներկայացրել է Ցեղասպանության օրինագծի հետագա ճակատագրի երեք սցենարները

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին այսօր հադիպելու է ֆրանսահայերի հետ: Այդ մասին հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը: Մեկնաբանելով այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը բողոքարկվել է Սահմանադրական խորհրդում, Մանոյանն ասել է, որ կա իրադարձությունների զարգացման երեք սցենար: «Կամ Խորհուրդը կորոշի, որ օրինագիծը չի հակասում Սահմանադրությանը կամ կորոշեն, որ այն մասնակիորեն է հակասում, որից հետո օրինագիծը կվերադարձվի քննարկման խորհրդարան, կամ օրինագիծն անմբողջությամբ կհամարվի ոչ սահմանադրական»,-ասել է Մանոյանը:

Մանոյանը նշել է, որ հարկ չկա հիասթափվելու: «Կարելի է ասել, որ մենք արդեն հասել ենք, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը և այժմ պետք է շեշտը դնենք նման օրենքների ընդունման ու հատուցման հարցերի լուծման վրա»:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում: Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի: