2 փետրվարի 2012 - 15:54 AMT
Սաստիկ բուքի և տեսանելիության բացակայության պատճառով Հայաստանում դեռևս մի շարք փակ ճանապարհներ կան

Փետրվարի 2-ի ժամը 15.15-ի դրությամբ, չնայած ձյան առատ տեղումներին և վատ տեսանելիությանը հանրապետության տարածքում միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:

Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ Գորիսի տարածաշրջանում առկա է մերկասառույց: Սաստիկ բուքի և տեսանելիության բացակայության պատճառով դեռևս շարունակում են փակ մնալ Գյումրի-Ղուկասյան,Գյումրի-Վանաձոր,Գյումրի-Կապս-Ամասիա և Գյումրի-Բավրա (Վրաստանի սահման) ավտոճանապարհները: Շարունակում է փակ մնալ նաև Սելիմի լեռնանցքը:

Անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով բոլոր միջոցները մոբիլիզացված են և հանրապետության ողջ տարածքով կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ: Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: