Հաջորդ շաբաթ քաղծառայողները կստանան բժշկական ապահովագրման հավաստագրերը

Հաջորդ շաբաթ քաղծառայողները կստանան բժշկական ապահովագրման հավաստագրերը

PanARMENIAN.Net - 2012թ հունվարից ՀՀ-ում ներդրվում է սոցիալական փաթեթ, որը նախատեսված է քաղաքացիական և պետական ծառայողների, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաեւ կրթության, մշակույթի եւ սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպությունների վարչական եւ մասնագիտական պաշտոններ զբաղեցնողների համար:

Սոցիալական փաթեթի ներդրումը հնարավորություն է ընձեռում շուրջ 120 հազար աշխատակիցների և նրանց ընտանիքի անմիջական անդամներին (ամուսինը և մինչև 27 տարեկան չամուսնացած զավակները), անկախ զբաղեցրած պաշտոնից և վարձատրության չափից հավասարաչափ օգտվել հետևյալ սոցիալական ծառայություններից` բժշկական ապահովագրություն, որն աշխատակիցների համար կրում է պարտադիր բնույթ, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում, ԿԳՆ կողմից հաստատված ուսումնական ծրագրերով ուսման վճար, հանգստի կազմակերպում ՀՀ և ԼՂՀ տարածքում: Այս մասին փետրվարի 2-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Բժշկական ապահովագրության համար սահմանված է պարտադիր բազային ծածկույթ 52 հազար դրամի չափով, որի պարագայում ապահովագրական գումարի չափը մեկ տարվա համար կազմում է 3 մլն 800 հազար ՀՀ դրամ: Այս գումարի շրջանակում ապահովագրական ընկերությունը պետք է փոխհատուցի սուր, անհետաձգելի և պլանային մի շարք բժշկական ծառայություններ, այդ թվում` հիվանդանոցային բուժօգնություն, որը ներառում է թերապևտիկ բուժում պահանջող հիվանդություններ, վնասվածքների, էլեկտրահարությունների, այրվածքների բուժում, ինչպես նաև վիրաբուժական բուժում պահանջող հիվանդություններ` ընդհուպ նյարդավիրաբուժական, սրտի վիրահատական և ներանոթային միջամտությունների իրականացում և այլն:

Կադրերի ռեզերվներում գտնվող անձանց, տվյալ մարմնում վեց ամսից պակաս աշխատանքային ստաժ ունեցող աշխատակիցների, կես դրույքից պակաս ծանրաբեռնվածությամբ անձանց, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վրա փաթեթը չի տարածվում:

Յուրաքանչյուր աշխատակցին փաթեթով նախատեսված գումարը կազմում է 132 հազար դրամ տարեկան կտրվածքով, ինչը դրամի վերածելու դեպքում նախորդ տարվա միջին աշխատավարձի նկատմամբ ենթադրում է 10%-անոց աճ:

Սոցիալական փաթեթի նպատակն է բարձրացնել աշխատանքի գրավչությունը, արդյունավետությունը, մեղմել կադրերի արտահոսքը և նպաստել աշխատակիցների սոցիալական կարիքների բավարարմանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---