ԱՄՆ դեսպանը բարձր գնահատում ՏՄՊՊ Հանձնաժողովի գործունեությունը

PanARMENIAN.Net - ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովում տեղի է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի և Հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանի հանդիպումը: Դեսպանը բարձր է գնահատել մրցակցային իրավիճակի բարելավմանն ուղղված Հանձնաժողովի գործունեությունը և ընդգծել, որ այն շատ կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ՀՀ-ում գործող ամերիկյան ընկերությունների և օտարերկրյա ներդրողների համար ընդհանրապես, ասվում է մամլո հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը դեսպանին ներկայացրեց 2011 թվականին կատարված աշխատանքները` նշելով, որ Հանձնաժողովի գործունեության տեսանկյունից նախորդ տարին եղել է բավականին արդյունավետ: Ա. Շաբոյանը դեսպանին ներկայացրեց Հանձնաժողովի կայացրած որոշումների վիճակագրությունը` նշելով, որ նախորդ տարիների համեմատությամբ դրանց թիվը մի քանի անգամ ավելացել է: Ա. Շաբոյանը անդրադարձավ նաև նախորդ տարի կատարված օրենսդրական փոփոխություններին` ընդգծելով, որ դրանք հնարավորություն են տալիս աշխատելու շատ ավելի արդյունավետ: Ջոն Հեֆերնը բարձր գնահատեց Հանձնաժողովի առաջընթացը և կարևորեց մրցակցային հավասար պայմանների ստեղծմանն ուղղված Հանձնաժողովի ջանքերը:

ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ Հանձնաժողովը մեծ ուշադրություն է դարձնում աշխատակիցների վերապատրաստման, ինչպես նաև միջազգային փորձագետների հետ համագործակցության խնդրին, քանի որ շատ հարցերի ուսումնասիրության ժամանակ միջազգային փորձն օգնում է կայացնել ճիշտ և հիմնավոր որոշումներ:

Ա. Շաբոյանը դեսպանին տեղեկացրեց , որ Հանձնաժողովը մեծ աշխատանք է տանում նաև հասարակության տեղեկացվածության բարձրացման ուղղությամբ, որպեսզի վերջինները հստակ պատկերացում կազմեն Հանձնաժողովի գործունեության մասին և հարկ եղած դեպքում թեժ գծի միջոցով (010 54-40-04) իրենց հուզող խնդիրների մասին տեղեկացնեն Հանձնաժողովին:

Հանդիպման ավարտին դեսպանը շնորհակալություն հայտնեց մրցակցությանն առնչվող խնդիրների քննարկման համար և, կարևորելով ՏՄՊՊՀ աշխատանքը, նշեց, որ պատրաստակամ է հնարավորինս աջակցել Հանձնաժողովին` առաջիկա ծրագրերի իրագործման հարցում:

Ա. Շաբոյանը ևս իր գոհունակությունը հայտնեց դեսպանին` տարբեր ծրագրերի միջոցով Հանձնաժողովին աջակցելու համար և պատրաստակաություն հայտնեց հետագայում ընդլայնել համագործակցությունը` ի նպաստ մեր երկրի մրցակցային միջավայրի բարելավման:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---