10 հոկտեմբերի 2003 - 20:02 AMT
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԻՐ ՀՈՐԻՑ
Չորս երկիր` Ադրբեջանը, ԱՄՆ, Մեծ Բրիտանիան եւ Թուրքիան պայքարում են իրենց մոտ Հեյդար Ալիեւին չընդունելու իրավունքի համար: Այդ մասին Ռուսաստանի Քաղաքական նորությունների գործակալությանը (ՔՆԳ) տեղեկացրել է ռուսական հատուկ ծառայությունների աղբյուրը: Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, ներկայումս ավագ Ալիեւը, որը միացված է արհեստական շնչառության սարքին, նախկինի պես գտվում է Քլիվլենդի կլինիկայում (ԱՄՆ): Սակայն Վաշինգտոնը հասկացնել է տվել Ադրբեջանի նախագահին փոխարինող Իլհամ Ալիեւին, որ ԱՄՆ տարածքում ավագ Ալիեւի վախճանի մասին պաշտոնական հայտարարությունը «խիստ անցանկալի է», քանզի ստվեր է գցում ամերիկյան բժշկության վրա: Ավելի վաղ նախատեսվում էր Հեյդար Ալիեւին տեղափոխել թուրքական «Գյուլհանե» կլինիկա եւ այնտեղ արձանագրել Ադրբեջանի առաջնորդի մահը: Սակայն «Գյուլհանեն» առայժմ հրաժարվում է ընդունել Հեյդար Ալիեւին` մի քանի տարի առաջ նույն կլինիկայում վախճանվել էր Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը, իսկ երկու առաջնորդ մեկ հիվանդանոցի համար` չափազանց է: Վերջ ի վերջո, Իլհամ Ալիեւն էլ, իր հերթին, կտրականապես դեմ է, որպեսզի իր հայրը «պաշտոնապես վախճանվի» Ադրբեջանի տարածքում` Բաքու ժամանելուց հետո: ՔՆԳ-ի աղբյուրի վարկածով` բացառված չէ, որ արդյունքում Հեյդար Ալիեւը պաշտոնապես կվախճանվի Քլիվլենդից մեկնող ինքնաթիռում: Ճիշտ է, մինչեւ այժմ անհայտ է, թե որտեղ վայրէջք կկատարի նախագահի ինքնաթիռը` Լոնդոնում, որի գերեզմանատներից մեկում գտնվում է Ալիեւների ընտանեկան դամբարանը, թե Նախիջեւանում` ավագ-Ալիեւի ծննդավայրում: