7 հոկտեմբերի 2003 - 20:16 AMT
ԴԵՌԵՎՍ ՉԵՆ ՍՊԱՌՎԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԳՏՆՈՒՄ Է ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ
Քանի դեռ չեն սպառվել բոլոր հնարավորությունները, Ադրբեջանը մտադիր է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով: Այդ մասին, ինչպես հաղորդում է Բաքվի «525 թերթը», լրագրողներին է հաղորդել Ադրբեջանի վարչապետ, նախագահի թեկնածու Իլհամ Ալիեւը իր նախընտրական այցելություններից մեկի ընթացքում: Նա հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները «վերջիվերջո լրջորեն կզբաղվեն» հակամարտության կարգավորման գործընթացով եւ կներկայացնեն միջազգային իրավունքի նորմերի վրա հիմնված արդարացի առաջարկություններ: Պատասխանելով հակամարտության ռազմական կարգավորման հնարավորության վերաբերյալ հարցին` Ի. Ալիեւը նշել է, որ դեռեւս Ադրբեջանը ձգտում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով: