Հայաստանը և Եգիպտոսը կուսումնասիրեն երկու երկրների միջև ավիակապ հաստատելու հնարավորությունները

PanARMENIAN.Net - Փետրվարի 4-ին Մյունխենում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եգիպտոսի արտգործնախարար Մոհամեդ Քամլ Ամրի հետ: Նալբանդյանը ցավակցություններ է հայտնել օրերս Եգիպտոսի Պորտ Սաիդ քաղաքում ֆուտբոլային երկրպագուների ընդհարման արդյունքում զոհերի կապակցությամբ:

Նախարարները երկուստեք նշել են հայ-եգիպտական դարավոր հարաբերությունների ավանդական բարեկամական բնույթը եւ անդրադարձել դրանց զարգացման, տնտեսական փոխգործակցության խթանման, մշակութային փոխանակումների ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կառույցների շրջանակներում համագործակցության հարցերին:

Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես լավ եւ ամուր հարաբերություններ է ունեցել Եգիպտոսի եւ արաբական աշխարհի հետ եւ շարունակելու է դրանց առավել ամրապնդման ուղղությամբ քայլերը:

Տնտեսական համագործակցության ընդլայնման շուրջ քննարկումների ժամանակ նախարարները նշել են, որ երկու երկրների միջեւ ուղիղ չվերթները կնպաստեն տնտեսական կապերի, զբոսաշրջության խթանմանը եւ պայմանավորվել են ուսումնասիրել ուղիղ ավիակապ հաստատելու հնարավորությունը:

Նախարար Ամրը ներկայացրել է Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները, անցումային կառավարության կողմից երկրում անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Այս առումով նախարար Նալբանդյանն ասաց. «Եգիպտոսի հազարամյա պատմության մեջ, ներկայիս անցումային փուլը ընդհամենը մի դրվագ է եւ, վստահաբար, Եգիպտոսի ժողովուրդը կհաղթահարի բոլոր դժվարությունները, ինչպես դա բազմիցս արել է իր պատմության ընթացքում»:

Նախարար Նալբանդյանի մյունխենյան օրակարգը ներառում էր նաեւ Սերբիայի ԱԳ նախարար Վուկ Յերեմիչի հետ հանդիպում: Հայաստանի եւ Սերբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպություններում փոխգործակցության հարցերին

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---