6 փետրվարի 2012 - 15:49 AMT
Խաչատուր Քոքոբելյան. ՀԱԿ-ը չկարողացավ նպատակին հասցնել իր ընտրողների քվեները

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) չկարողացավ պաշտպանել ու նպատակին հասցնել իր ընտրողների քվեները: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը: Նա ասել է, որ «քաղաքացու գործը չէ իր քվեն պաշտպանելը: Քաղաքական կուսակցությունների թիվ մեկ խնդիրը պետք է լինի իրենց օգտին տված ձայները պաշտպանել կարողանալը»:

Ըստ Քոքոբելյանի, ՀԱԿ-ից «Ազատ դեմոկրատների» հեռանալը բացատրվում է տարաձայնություններով ՀԱԿ ղեկավարության հետ կազմակերպչական հարցերում, ինչպես նաև քաղաքական պայքարի ռազմավարության ու մարտավարության հարցերում: Որպես օրինակ նա բերել է իշխանությունների հետ քաղաքական երկխոսության օրինակը, նշելով, որ «միշտ կողմ է եղել երկխոսությանը, սակայն, այլ միջոցներով: Կա բանակցություններ վարելու ճիշտ պահ»: Ըստ Քոքոբելյանի, եթե երկխոսությունը սկսվեր անմիջապես ընտություններից հետո, այն կկարողանար շատ ավելի արդյունավետ լինել: