6 փետրվարի 2012 - 16:00 AMT
2012 թ-ին Հայաստանի մշակութային հաստատություններն անցնելու են թվային ծառայությունների

2012 թ-ին Հայաստանի մի շարք մշակութային հաստատություններում կօգտագործվեն տեղեկատվական տեխնոլոգիաներ: Ինչպես մամլո ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, մի քանի թանգարաններում արդեն գործում են էլեկտրոնային տեղեկատուներ: Պողոսյանի խոսքով նախատեսվում է վիրտուալ թանգարանների բացում, մասնավորապես գորգի և գրքի թանգարաններում: Բացի դրանից անհրաժեշտ է իրականացնել գրադարանների ծառայությունների թվայնացում:

Թվայնացված ծառայություն են մատուցելու նաև համերգային և թատերական դահլիճները: Պողոսյանի խոսքով, մասնավորապես լինելու է էլեկտրոնային սպասարկում, տոմսերի վաճառք և տեղեկատվական մեծ բանկ: Նախարարը նաև հստակեցրեց, որ համացանցի միջոցով կարելի է ընտրել նստատեղը և շարքը, իսկ տոմսերը, որպես այդպիսին, այլևս գոյություն չեն ունենա: Թվային ծառայությունների են անցնելու սկզբում մայրաքաղաքի, այնուհետև մարզերի հաստատությունները: