6 փետրվարի 2012 - 16:01 AMT
Կառուցել, թե ոչ. Քաղաքապետարանին ոչ թե հույզեր են պետք, այլ փաստեր

Նալբանդյան, Թումանյան, Սայաթ-Նովա, Պետրոսյան փողոցների շենքերի բնակիչները շարունակում են պայքարել իրենց բակում բարձրահարկի կառուցման դեմ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նրանք որպես իրենց բողոքի հիմնավորում էին ներկայացնում Սեյսմիկ անվտանգության ծառայության տրամադրած գրությունը, որի համաձայն այդ տարածքում կարելի է կառուցել առավելագույնը երկհարկանի շինություն:

«Սա ռազմավարական նշանակության խնդիր է ու պետք չէ Հայաստանի բնակչության 1/3-ի՝ բոլոր երևանցիների կյանքը վտանգել հանուն մեկ շենքի: Սա կարող է սեյսմիկ աղետի հանգեցնել»,- ասում էին նրանք:

Ինչ վերաբերում է քաղաքապետարանի ներկայացուցիչների ու գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հանդիպումներին, ապա, ըստ բնակիչների, դրանք ֆիկտիվ բնույթ են կրում, և ընդհանուր համաձայնության կողմերը չեն գալիս:

Երևանի գլխավոր ճարտարապետի խորհրդական Աշոտ Հակոբյանը նշեց, որ պետք է հարցին նայել մասնագիտական տեսանկյունից և խոսել մասնագիտական լեզվով. «Իսկ բնակիչները հուզական մակարդակի վրա են խոսում»: Նա նշեց, որ քաղաքապետարանի խնդիրն է կառուցապատված տեսքի բերել անբարեկարգ տարածքը, և եթե բնակիչների պահանջները չհիմնավորվեն, բարձրահարկ կառուցելու քաղաքապետարանի որոշումը ի կատար կածվի: