6 փետրվարի 2012 - 16:47 AMT
Ժամանակակից արվեստի թանգարանն այսուհետ ջեռուցվում է

Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ժամանակակից արվեստի թանգարանում տեղադրվել է ջեռուցման անհատական համակարգ՝ բնակելի շենքից առանձին գազատարով: Համակարգի տեղադրումը կատարվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, տեղեկացնում են քաղաքապետարանի մամլո ծառայությունից։

Թանգարանը արդեն երրորդ օրն է, ինչ ջեռուցվում է: Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանն այսօր այցելել է թանգարան, համոզվելու և զեկուցելու քաղաքապետին, որ հանձնարարությունը կատարված է:

Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը Հենրիկ Իգիթյանը հիմնել է 1972-ին։ Այն մինչև Խորհրդային Միության փլուզումը եղել է ԽՍՀՄ տարածքում ժամանակակից արվեստի միակ թանգարանը: Այսօր թանգարանում բացի հիմնական ցուցադրությունից կազմակերպվում են նաև ժամանակակից նկարիչների ու քանդակագործների ցուցահանդեսներ:

«Այս հարստությունը փրկվեց. 20 տարի քայքամնան շեմին էր։ Բոլոր նկարիչների, բոլոր արվեստասերների անունից՝ խորին շնորհակալություն Տարոն Մարգարյանին: Նա չձգեց մեր խնդրի լուծումը, այնինչ 20 տարի հարցը չէր լուծվում, միայն խոստումներ էինք լսում»,- ասել է թանգարանի կառավարման խորհրդի նախագահ Լևոն Իգիթյանը:

Թանգարանի կառավարման խորհրդի նախագահը վստահեցնում է, որ ջեռուցման համակարգի տեղադրումը հնարավորություն կտա թանգարանում նաև դասընթացներ անցկացնել, հաշվի առնելով, որ արվեստագետներից ու արվեստասերներից բացի այստեղ այցելում են նաև դպրոցականներ: