6 փետրվարի 2012 - 16:56 AMT
Լիբերմանը չի ճանաչում Հայոց եղեռնը՝ Հոլոքոսթի նշանակությունը չնսեմացնելո՞ւ համար

Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը դեմ է հանդես եկել Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Այդ մասին, ինչպես հայտնում է Izrus-ը, Լիբերմանը հայտարարել է հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում:

«Իսրայելը հիմնադրման օրից չի համաձայնվել, որ Հոլոքոսթ տերմինը կիրառվի նաև այլ պատերազմի կամ ողբերգության համար: Մենք գտնում ենք, որ այն, ինչի միջով անցել է հրեա ժողովուրդը Երկրորդ Համաշխարհայինի տարիներին ոչինչի հետ չի կարելի համեմատել: Մենք չենք ընդունի այլ բախումներն ու վայրագ սպանությունները տերմինաբանության միջոցով հերթական Հոլոքոսթի վերածելու փորձերը: Մենք կողմ ենք, որպեսզի բոլոր փաստերն, պատմության բոլոր տխուր էջերը ներկայացվեն այնպիս, ինչպես կան: Ֆրանսիայից բացի ոչ մի այլ երկիր օրենսդրորեն չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մենք մտադիր չեքն միջամտելու: Այսօր դա պատմական իրադարձությունից վերածվել է քաղաքական վեճի: Ես չեմ կարծում, թե Իսրայելը հիմա պետք է միջամտի այդ խնդրին»,-ասել է նա:

Հարկ է նշել, որ 22 երկիր՝ Ուրուգվայը, Ռուսաստանը, Կիպրոսը, Հունաստանը, Կանադան, Իտալիան, Լիբանանը, Ավստրալիան, Բելգիան, Ֆրանսիան, Արգենտինան, Շվեդիան, Սլովակիան, Նիդերլանդները, Գերմանիան, Լիտվան, Վենեսուելան, Լեհաստանը, Շվեյցարիան, Բրազիլիան, Վատիկանը, Չիլին ճանաչել, են Հայոց ցեղասպանությունը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: