6 փետրվարի 2012 - 17:18 AMT
Խաչատուր Քոքոբելյանը չի հավատում, որ Հայաստանում ընտրական համակարգը կփոխվի մինչ ընտրությունները

Հայաստանում ընտրական համակարգը դժվար թե փոխվի նախքան Ազգային Ժողովի մայիսյան ընտրությունները: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը` մեկնաբանելով 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հնարավորությունը: «Չեմ գտնում, որ դա իրատեսական է: Աստված տա, որպեսզի դա հաջողվի»,- նկատել է նա: Քոքոբելյանի կարծիքով` անցումը լիովին համամասնական ընտրակարգին կբարդացնի ընտրությունների գործընթացի կարգավորման` «փոքրիկ բդեշխների» աշխատանքը և կնվազեցնի խախտումների քանակն ընտրությունների ժամանակ:

Ընդ որում` նա հավելել է, որ լավ ընտրությունների անցկացման համար կարևոր է ոչ թե ընտրակարգը կամ Ընտրական օրենսգիրքը, այլ առկա օրենքները կյանքի կոչելը` օրինակ բերելով 1991 թվականի ընտրությունները: «Ամենալավ օրենքն անգամ վատ կատարողի ձեռքում ոչինչ է, իսկ ամենավատ օրենքը լավ կատարողի ձեռքում` ամեն ինչ»,- ընդգծել է Քոքոբելյանը:

Ինչ վերաբերում է իշխանությունների հայտարարություններին այն մասին, որ ընտրություններն արդար և ազնիվ են լինելու, ապա Քոքոբելյանը նկատել է. «Ես այդքան միամիտ մարդ չեմ, որպեսզի կարծեմ, որ ընտրությունները կեղծելու փորձեր չեն լինի»: Նրա խոսքով` դրված նպատակներին հասնելու համար կարվի ամեն ինչ, «ինչը չի բացառում, որ նրանք կարող են իրենց ուզածին հասնել այլ մեթոդներով»:

«Ազատ դեմոկրատների» ղեկավարը նաև ընդդիմադիր ուժերին կոչ է արել համագործակցել ընտրությունների ժամանակ: «Քանի որ ընդդիմության ռեսուրսները սահմանափակ են, նա պետք է իր մեջ կամք գտնի և յուրաքանչյուր ընտրատարածքում տարբեր թեկնածուների չպաշտպանի»,- ընդգծել է նա: