6 փետրվարի 2012 - 18:27 AMT
BTJunkie տորենտ ֆայլերի կայքը կամավոր դադարեցրել է իր գործունեությունը

7 տարի գործող՝ տորենտ ֆայլերի բազա և որոնողական համակարգ BTJunkie-ը որոշել է դադարեցնել իր գործունեությունը։ Այս մասին հաղորդում է տեխնոբլոգ Mashable-ը։«Մենք որոշել են կամավոր կերպով անջատել մեր կայքը։ Մենք պայքարել են տարիներով ձեր հաղորդակցվելու իրավունքի համար, սակայն ժամանակն է առաջ նայել։ Մենք մաղթում ենք ձեզ ամենայն լավը»,-նշում է կայքն իր գլխավոր էջում թողած հաղորդագրության մեջ։

BTJunkie-ն հիմնադրվել է 2005-ին։ Այն ամենաճանաչված տորենտ կայքերից մեկն էր։

BTJunkie-ի փակվելու որոշումը հավանաբար կապված է վերջին իրադարձությունների հետ՝ ֆայլերի փոխանակման Megaupload կայքի փակման և վերջինիս հիմնադիրների ձերբակալման հետ։ Սա առաջին կայքը չէ, որ Megaupload –ից հետո դադարեցնում է իր գործունեությունը։

Վախենալով արժանանալ Megaupload-ի ճակատագրին, մի շարք նմանատիպ կայքեր՝ FileSonic-ը, FileServe-ը և Uploaded-ը, անջատել են ֆայլեր ներբեռնելու հնարավորությունը և անգամ սկսել են ջնջել իրենց սերվերներից որոշ բովանդակություն՝ դառնալով միայն ամպային հոսթինգ ծառայություն օգտագործողների համար։

Megaupload.com ֆայլերի փոխանակման կայքը (երգերի, ֆիլմերի և այլ բովանդակության ներբեռնման և վերբեռնման) հունվարի 19-ին փակվեց ԱՄՆ դատախազության պահանջով։ Ըստ դատախազության՝ MegaUpload-ի պատճառով հեղինակային իրավունքները կրողները կրել են 500 միլիոն դոլարի վնաս։

Ընդդեմ Megaupload-ի փակման Anonymous հաքերային խմբավորումը հարձակվել է ԱՄՆ ՀԴԲ-ի (Հետախուզության դաշնային բյուրո), Սպիտակ տան, Ֆրանսիայի նախագահի կայքի և այլ ռեսուրսների վրա։ Բոլոր այս հարձակումներով խմբավորումը պայքարում են նաև SOPA/PIPA և ACTA օրինագծերի դեմ։ Այս օրինագծերը ենթադրում են ինտերնետի վերահսկում իշխանությունների և հեղինակային իրավունքները կրողի կողմից։