6 փետրվարի 2012 - 20:33 AMT
Լեֆորտ. ԵՄ-ն Սարգսյանի և Ալիևի հանդիպումը Սոչիում դիտարկում է որպես քայլ դեպի խաղաղություն

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ֆիլիպ Լեֆորտը այցով Ադրբեջանի մայրաքաղաք է ժամանել երկուշաբթի երեկոյան: Ինչպես հաղորդում է SalamNews-ը, դեսպանը լրագրողների հետ հարցազրույցում հայտնել է, որ այցի ընթացքում մտադիր է հանդիպել Ադրբեջանի պաշտոնական անձանց հետ: Նրա խոսքով` հանդիպումների և բանակցությունների հիմնական թեմաները կլինեն Սոչինյան հանդիպման արդյունքները, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, «Արևելյան գործընկերության» ծրագրի իրականացումը: «Եվրամիությունը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սոչիում դիտարկում է որպես քայլ առաջ դեպի խաղաղություն: Մենք հուսով ենք, որ նման հանդիպումները կկրկնվեն նաև ապագայում»,- հայտնել է նա:

Ֆիլիպ Լեֆորտն այդ պաշտոնում փոխարինել է նախկին դեսպան Փիթեր Սեմնեբիին, և սա 2012 թվականին նրա առաջին այցն է` որպես ԵՄ հատուկ ներկայացուցիչ:

Ադրբեջանի և Հայաստանի նախագահները հունվարի 23-ին Սոչիում Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ հանդիպմանը խոստովանել են ծայրահեղ դիրքորոշումներից հետ կանգնելու անհրաժեշտությունն ու արտահայտվել իրենց դիրքերի մոտեցման ուղղությամբ ջանքերի շարունակման օգտին: «Հանդիպման մասնակիցները ընդհանուր սկզբունքների շուրջ աշխատանքն արագացնելու պատրաստակամություն են հայտնել, որպեսզի հետո դրա հիման վրա անցնեն իրավաբանորեն պարտադրող հաշտության պայմանագրի մշակմանը»,- հաղորդել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներից ակնկալում են կոնկրետ առաջարկներ զինված ուժերի շփման գծում միջադեպերի քննության նպատակով կոնկրետ ընթացակարգերի կատարման ուղղությամբ, ինչպես նաև դիմել են Ռուսաստանին՝ խնդրելով որպես միջնորդ հանդես գալ երկու երկրների միջև հումանիտար կապերի հաստատման հարցում: