6 փետրվարի 2012 - 20:51 AMT
Ուկրաինան հրաժարվել է Ռուսաստանի էլեկտրաէներգիայից

Ուկրաինայի էներգետիկները դադարեցրել են ռուսական էլեկտրականության գնումները: Այդ մասին հաղորդում է ԼիգաԲիզնեսԻնֆորմը` հղում կատարելով անանուն աղբյուրին էլեկտրաէներգիայի շուկայում:

Այս տարվա հունվարի վերջին Ուկրաինան մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ ստիպված է եղել էլեկտրականության ներկրող դառնալ: Կիևը դադարեցրել է էներգիայի արտահանումը Բելոռուսիա ու Մոլդավիա և սկսել է էլեկտրականություն գնել Ռուսաստանից:

Ուկրաինայում էներգիայի պակասուրդ է առաջացել Զապորոժյան մարզում էլեկտրահաղորդալարերի հենարանի փլուզումից հետո, որը տեղի է ունեցել այն պատճառով, որ մետաղ հավաքողները սղոցել են կառուցվածքի մասերը: Պատահարի արդյունքում Զապորոժյեի ատոմակայանը ստիպված էր կանգնեցնել վեց էներգաբլոկերից մեկի աշխատանքը և նվազեցնել արտադրությունը:

Պակասուրդը որոշեցին զրոյացնել Ջերմային էլեկտրակայանների (ՋԷԿ) հաշվին, սակայն դրանք չկարողացան հատուցել ուժեղ սառնամանիքի պատճառով: Հունվարի վերջին Ուկրաինայում չէին աշխատում ԱԷԿ մի էներգաբլոկն ու ՋԷԿ ինը էներգաբլոկեր:

Էներգետիկները նաև միտք ունեին պակասուրդը մարել ՋԷԿ գազամազութային բլոկերի օգնությամբ, սակայն այդ տարբերակը մերժվեց ռուսական գազի թանկության պատճառով: