6 փետրվարի 2012 - 21:55 AMT
Սիրիական Հոմսը 11 ամսվա ընթացքում ամենաինտենսիվ հրետանային հրաձգությանն է ենթարկվում

Սիրիական Հոմսը ինտենսիվ հրետանային հրաձգության է ենթարկվում: Ինչպես հաղորդում է BBC-ն, գրեթե մշտապես պայթյուններ են լսվում: Ապստամբության սկսվելուց ի վեր 11 ամսվա ընթացքում սա քաղաքի ուղղությամբ ամենադաժան հրաձգությունն է կառավարական զորքերի կողմից: Հրետանային հրաձգությունը վերսկսվել է երկուշաբթի վաղ առավոտյան: Օգտագործվում է ծանր հրետանի և ականանետներ:

Տեղի բնակիչ Դաննի Աբդուլ Դայիմը պնդում է, որ բանակն առաջին անգամ հրթիռներ է օգտագործում. իր թաղամասում արևածագից սկսած նա ավելի քան 300 գործարկում է հաշվել:

Ապստամբները օդ են կրակում ինքնաձիգներից, սակայն, ինչպես ասում է BBC-ի թղթակիցը Հոմսում, դա պարզապես ցուցադրական գործողություններ են:

Ընդդիմությունը պնդում է, որ հրաձգության է ենթարկվել Բաբա Ամր շրջանի դաշտային հիվանդանոցը, ինչի արդյունքում կան զոհեր:

Ինչպես ասում են ականատեսները, քաղաքում միայն մեկ հիվանդանոց է մնացել, որտեղ տուժածներին վիրահատում են չորս բժիշկներ: Ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ երկուշաբթի օրը Հոմսում 15 հոգի է զոհվել: