ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՎՈ ԿԱՆՏՈՆԸ ՃԱՆԱՉԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-ին Շվեյցարիայի Դաշնային Հանրապետության Վո կանտոնը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը: Կանտոնի Խորհրդարանի Մեծ խորհուրդը 74 «կողմ», 64 «դեմ» եւ 9 «ձեռնպահ» ձայներով քվեարկեց Մասսիմո Սանդրիի ներկայացրած պոստուլատի նախագծի օգտին, որը հրահանգում է կանտոնի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը, փաստաթղթում խորհրդանշական է համարվում այն փաստը, որ որոշումն ընդունվել է հենց Լոզանում, ուր 1923 թ. Դաշնակիցների եւ Թուրքիայի միջեւ կնքված պայմանագրով փաստորեն «Հայաստանը ջնջվեց աշխարհի քարտեզի վրայից»: Փաստաթղթի ընդունմամբ Վո կանտոնը կնպաստի թուրքերի եւ հայերի միջեւ արդար եւ տեւական խաղաղության հաստատմանը, ինչի գլխավոր խոչընդոտն այսօր «ժխտողականությունն» է, որն ավելի է խորացնում մի ողջ ժողովրդի ցավն ու տառապանքը, ասվում է պոստուլատի տեքստում: Նշենք, որ 1998 թ. Հայոց Ցեղասպանությունը ճանաչել է Ժնեւի կանտոնը եւ 2001 թ. նույն կանտոնի կառավարությունը:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---