9 փետրվարի 2012 - 13:08 AMT
Անդրեյ Ռյաբով. Թբիլիսին չի մասնակցի Իրանի դեմ ռազմական գործողություններին

Թբիլիսին չի մասնակցի Իրանի դեմ ռազմական գործողություններին, առավել ևս չի տրամադրի իր տարածքը դրա համար: Այդ մասին Կովկասի լրագրողների ցանցում տեղի ունեցած խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է Համաշխարհային տնտեսության ու միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Քարնեգիի մոսկովյան հիմնադրամի փորձագետ Անդրեյ Ռյաբովը՝ հավելելով, որ դա վերաբերում ոչ միայն Վրաստանին:

«Ըստ իս, Հարավային Կովկասի ոչ մի պետություն, ներառյալ Վրաստանը, չի մասնակցի Իրանի դեմ ռազմական գործողություններին մի պարզ պատճառով՝ Իրանը միշտ կարող է պատասխան տալ և խոսքը միայն պատասխան հարվածների մասին չէ: Թեհրանը նաև այլ լծակներ կգտնի այդ երկրներում իրավիճակի ապակայունացման համար»,-ասել է փորձագետը:

Ըստ փորձագետի, եթե նույնիսկ կատարվի անհավանականն ու Թբիլիսին տրամադրի իր տարածքը Իրանի դեմ հարձակման համար, ապա Մոսկվայի համար դա պատեհ առիթ կլինի Վրաստանի սահմանակից շրջաններում ու երկրներում ռազմական ներուժի ավելացման համար: