9 փետրվարի 2012 - 14:41 AMT
ՆՓԱԿ -ում բացվելու է Միսակ Մաղաքյանի «Քարի հոգին» ցուցահանդեսը

Փետրվարի 10-ին Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) բացվելու է քանդակագործ Միսակ Մաղաքյանի անհատական ցուցահանդեսը: Արվեստագետը, ով 10 տարի չի ցուցադրել իր աշխատանքները, մամլո ասուլիսի ժամանակ ասաց, որ այդ տարիների ընթացքում նա եղել է պրպտումների մեջ, և անընդհատ ստեղծագործել է: Մաղաքյանի աշխատանքներում գերակշռում է կավը և քարը: Ցուցահանդեսը կրելու է «Քարի հոգին» խորագիրը:

Ըստ նրա, իր աշխատանքները հենց բնության միջավայրից են, քանի որ կավի և քարի հարաբերությունն ի սկզբանե կա բնության մեջ: Ցուցահանդեսում ներկայացված է 62 քանդակ և մեծ թվով քարից և կավից ստեղծած կոմպոզիցիաներ:

Ցուցահանդեսում ներկայացվելու են նաև վիդեոինստալյացիաներ: Մաղաքյանը նշեց, որ այս ցուցահանդեսը շարունակական է լինելու: Նա նաև նշեց, որ դեռ չի օգտագործում ոչ ավանդական նյութեր, իր աշխատանքների համար, բայց հնարավոր է, որ մի օր օգտագործի այն: Ցուցահանդեսը գործելու է մինչև մարտի 3-ը: