9 փետրվարի 2012 - 13:55 AMT
ԱԺ-ն հաստատում է. Հայաստանն այսուհետ չի անցնի ամառային ժամանակի

Ազգային ժողովն այսօր երկրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքում առաջարկվող ուղղումների փաթեթրը, որի համաձայն Հայաստանն այսուհետ չի անցնի ամառային ժամանակի: Օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանը ողջ տարվա ընթացքում կլինի մեկ ժամային գոտում՝ GMT+4:

«Մենք գտնում ենք, որ ուղղումների ընդունումը ժամանակի պահանջն է, քանի որ նախկին ռեժիմը խնդիրների հետ էր կապված: Բնակչությունը մեծ դժվարությունների հետ էր բախվում»,-հայտարարել է հանրապետական պատգամավոր Կարինե Աճեմյանը՝ ներկայացնելով օրինագիծը: Նա հիշեցրել է, որ շատ երկրներ արդեն մի քանի տարի է, ինչ հրաժարվել են անցումից ամառային ժամանակի:

«Առողջապահության ոլորտի մասնագետները նշում են, որ գարունն ու աշունը տարվա սթրեսային եղանակներ են մարդու համար: Նա սկսում է հարմարվել կլիմայական փոփոխություններին, իսկ ժամանակի փոփոխությունը ևս մեկ լրացուցիչ սթրես է առաջացնում»,-հավելել է Աճեմյանը:

Իր հերթին, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը նշել է, որ օրինագծի ընդունումը բողոք կառաջացնի, քանի որ կավելանա էլեկտրաէներգիայի սպառումը:

Հայաստանի աշխարհագրական դիրքին համապատասխանում է GMT+3 ժամային գոտին, սակայն այժմ տարբերությունը Գրինվիչի ժամային գոտու հետ կազմում է + 4 ժամ, մյուս եվրոպական երկրների հետ +3, Ամերիկայի արևելայն ափի հետ +9, Ամերիկայի արևմտյան ափի հետ +12:

Ըստ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի, մեկ-երկու տարի անց նախատեսվում է անցում կատարել մեկ ժամով ու վերադառնալ Հայաստանի համար դասական GMT+3 գոտուն: Դրա շնորհիվ Հայաստանը ողջ տարվա ընթացքում կլինի Մոսկվայի ու Թբիլիսիի հետ նույն ժամային գոտում, իսկ ամռանը մեկ ժամով մոտ կդառնա Եվրոպային: