9 փետրվարի 2012 - 18:44 AMT
Ռեյխարդ. Ֆրանսիայի դիրքորոշումը արցախյան հիմնախնդրի շուտափույթ լուծման վերաբերյալ անփոփոխ կմնա

Ֆրանսիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորման վերաբերյալ անփոփոխ է մնալու, անկախ ֆրանսիական գերագույն Սահմանադրական խորհրդի որոշումից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ, հինգշաբթի օրը Trend-ին տված հարցազրույցում ասել է Էլզասի (Ֆրանսիա) Մարզային խորհրդի առաջին փոխնախագահ, Ստորին Ռեյնից սենատորԱնդրե Ռեյխարդը Ադրբեջան կատարած այցի ժամանակ:

Սահմանադրական խորհրդի որոշման առնչությամբ Ռեյխարդը նշել է, որ ներկա պահին իրավաբանական տեսակետից «մեծ հավանականություն կա, որ Ցեղասպանության վերաբերյալ օրինագիծը չեղյալ կհայտարարվի»: Այնուամենայնիվ, ընդգծել է նա, Սահմանադրական խորհուրդն անկախ դատական մարմին է, և դեռևս շատ վաղ է վերջնական որոշման մասին խոսելու համար:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

Թուրքիան շատ ցավագին ընդունեց այդ օրինագծին Սենատի հավանություն տալը` հայտարարելով Ֆրանսիայի հետ քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության սառեցման մասին:

Որոշ ֆրանսիական սենատորներ Սահմանադրական խորհուրդ են դիմել օրինագիծը ոչ սահմանադրական ճանաչելու նպատակով: Սպասվում է, որ Խորհուրդը որոշում կընդունի մինչև մարտի 1-ը:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին խոստացել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ դնել շրջանառության մեջ, եթե Սահմանադրական դատարանը ոչ սահմանադրական ճանաչի հունվարի 23-ին Սենատի կողմից ընդունված օրինագիծը: