19 սեպտեմբերի 2003 - 23:26 AMT
ԱՊՀ-ՈՒՄ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԿՍԱՀՄԱՆՎԻ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԶԵՆԻԹԱ-ՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ՎՐԱ
ԱՊՀ պետությունների ղեկավարները Յալթայում ընթացող վեհաժողովում հավանության են արժանացրել եւ ընդունել են որոշում` Համագործակցության երկրներում «Իգլա» եւ «Ստրելա» տիպի փոխադրվող զենիթա-հրթիռային համակարգերի (ՓԶՀՀ) հանդեպ հսկողություն սահմանելու միջոցների մասին: Այդ մասին «Նովոստի» գործակալությանը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը: «Բոլորին հասկանալի է, թե որքան վտանգավոր է այդ զենքը, եւ որ այն արդեն օգտագործվում է ամեն տեսակի ահաբեկիչների կողմից»,- ընդգծել է ռազմական գերատեսչության ղեկավարը: Նա բացատրել է, որ ԱՊՀ երկրներից յուրաքանչյուրն այսուհետեւ պարտավորվում է տեղեկացնել մյուսներին ՓԶՀՀ-ի արտահանման եւ ներկրման մասին, ինչպես նաեւ իրազեկ պահել համալիրներն ունենալու վերաբերյալ: Նախարարը նաեւ նշել է, որ սկզբից դիտողություններ են եղել Ադրբեջանի, Վրաստանի եւ Ուկրաինայի մոտ, սակայն հետո հաջողվել է նրանց համոզել նման որոշում կայացնելու անհրաժեշտության մեջ, քանզի այն համապատասխանում է բոլոր պետությունների շահերին ահաբեկչության դեմ պայքարում: Նախարարն այդ որոշումը Յալթայում կայացած ԱՊՀ վեհաժողովի ամենամեծ ձեռքբերումն է համարում: