11 փետրվարի 2012 - 09:29 AMT
Ադրբեջանի դեսպանն առաջարկում է ԵԱՀԿ ՄԽ հանդիպմանը քննարկել Ֆրանսիայի հեռացման հարցը

Թուրքիայիում Ադրբեջանի դեսպան Ֆաիկ Բագիրովը թուրքական Hurriyet-ին տված հարցազրույցում առաջարկել է կազմակերպել ԵԱՀԿ ՄԽ անդամ բոլոր երկրների ներկայացուցիչների հանդիպումը և քննարկել խմբի կազմից Ֆրանսիայի դուրս գալու հարցը՝ Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման համար: «Մինսկի խումբը ստեղծվել է 1992թ. մարտի 24-ին, այս տարի լրանում է նրա կազմավորման 20-ամյակը: Կարելի է կազմակերպել խմբի մասնակիցների հանդիպում, որի շրջանակներում կքննարկվի Ֆրանսիայի դերը խմբի աշխատանքում»,-ասել է Ֆաիկ Բագիրովը:

«Ֆրանսիայի ընդունած օրենքn էլ ավելի է նպաստում, որ Հայաստանը հեռանա միջազգային իրավունքի սկզբունքներից»,-ասել է ադրբեջանցի դեսպանը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»:

Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում:

Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի: