13 փետրվարի 2012 - 10:06 AMT
Վենեսուելայի ընդդիմությունը երկրի նախագահական ընտրություններում Ուգո Չավեսին հակառակորդ է ընտրում

Վենեսուելայի գործող նախագահ Ուգո Չավեսի քաղաքական հակառակորդներն անցկացրել են այս տարվա հոկտեմբերին կայանալիք ընտրություններում երկրի գլխավոր պաշտոնի համար պայքարող թեկնածուի առաջին նախնական ընտրությունները:

Քվեարկության ժամանակը երկարացվել է մեկ ժամով, քանի որ, ինչպես ասել են կազմակերպիչները, ընտրողների մասնակցությունը գերազանցել է ակնկալիքները: Քվեարկության ֆավորիտ են համարում Միրանդայի նահանգապետ Էնրիկե Կապրիլես-Ռադոնսկիին:

Նախնական քվեարկությունը կազմակերպվել է «Դեմոկրատական միասնություն» ընդդիմադիր կոալիցիայի կողմից, և դրան կարող են մասնակցել Վենեսուելայի բոլոր քաղաքացիները, որոնք հասել են ընտրական տարիքին, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժին են օժանդակում: «Մենք ակնկալում ենք, որ (քվեարկության մեջ) ներգրավվածության աստիճանը կգերազանցի բոլոր սպասելիքները,- հայտնել է մրցավազքի ֆավորիտ Էնրիկո Կապրիլեսը: - Այսօր այն օրն է, երբ որոշվում է Վենեսուելայի ապագան»,- հավելել է նա: