13 փետրվարի 2012 - 16:39 AMT
Պայթյուն է տեղի ունեցել Դելիում Իսրայելի դեսպանատան մոտ

Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում Իսրայելի դեսպանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել:

Ըստ նախնական տեղեկությունների, ավտոմեքենայում ռումբի պայթյունի հետևանքով վիրավորվել է իսրայելցի դիվանագետը: Ահաբեկչությունը տեղի է ունեցել «Հեզբոլլահի» առաջնորդ Իմադ Մուղնիեի սպանության չորրորդ տարելիցի օրը:

Հայտնի է դարձել նմանատիպ ահաբեկչական գործողության փորձի մասին Թբիլիսիում:

Վրաստանի ոստիկանությունը վնասազերծել է Իսրայելի դեսպան Իցխակ Հերբերգի անձնական վարորդի ավտոմեքենայի տակ ամրացված նռնակը, հայտնում են վրացական ԶԼՄ-ները:

Դեսպանի վարորդը՝ Ռոման Խաչատուրյանը նկատել է ավտոմեքենայի տակ ամրացված սև փաթեթը: Նա շտապ ահազանգել է պարեկային ոստիկանությանը, որն էլ իր հերթին սակրավորներին է կանչել: Փաթեթում հայտնաբերվել է նռնակ, որը վնասազերծվել է:

Այժմ հատուկ ծառայությունները տեղափոխել են ավտոմեքենան հատուկ կայանատեղի, որտեղ այն կուսումնասիրեն քրեագետները: