14 փետրվարի 2012 - 13:16 AMT
Օդեսայում կգործի ՀՀ գլխավոր հյուպատոսություն

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի Օդեսա քաղաքում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Երևանն ու Օդեսան ավելի քան 15 տարի է հանդիսանում են քույր-քաղաքներ: Քաղաքների ներկայացուցիչները համոզված են, որ նախորդ 15 տարիների ընթացքում քիչ բան չի արվել: «Մենք սերտորեն համագործակցում ենք Երևանի հետ, հատակապես կիրակնօրյա դպրոցի հարցում: Այդ դպրոցում սովորում է մոտ 100 աշակերտ»,-հայտարարել է Օդեսայի հայ համայնքի փոխնախագահ Մարգարիտա Տարասյանը:

Օդեսայի հայ համայնքը մեծաքանակ մշակութային-լուսավորչական միջոցառումներ է կազմակերպում, օգնություն է ցուցաբերում կարիքավորներին, ներկայացնում է հայկական սփյուռքի հետաքրքրությունները տարբեր կազմակերպություններում, ջանքեր է գործադրում Պատմական հայրենիքի հետ կապերի ամրապնդման համար` համագործակցելով Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան հետ:

Օդեսայում հայերը բնակվել են XIII-XIV դդ-ում` Կիլիա և Ակկերման քաղաքներում: