15 սեպտեմբերի 2003 - 20:35 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Հայաստանը կարեւորում է Չինաստանի հետ հարաբերությունների խորացումը: Այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ, իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանը ՀՀԿ հրավերով Հայաստանում գտնվող Չինաստանի կոմկուսի կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի մշտական կոմիտեի անդամ Լո Գանի գլխավորած ՉԺՀ պատվիրակության հետ հանդիպման ընթացքում: Անդրադառնալով տնտեսական համագործակցությանը` վարչապետն ընդգծել է, մասնավորապես, գործընկերության հաջողված փորձը քիմիական արդյունաբերության ոլորտում: Նրա խոսքերով, երկկողմ համագործակցության արդյունքում հաջողությամբ առաջ է ընթանում սինթետիկ կաուչուկի արտադրման համատեղ ձեռնարկության ծրագիրը, այդ ոլորտում քննարկվում են նաեւ այլ համատեղ նախագծեր: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ հաջողված փորձը պետք է տարածել տնտեսական համագործակցության այլ ոլորտների` էներգետիկայի, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, թեթեւ արդյունաբերության վրա: Ա.Մարգարյանը ողջունել է նաեւ չինական ընկերությունների ակտիվ մասնակցությունը Հայաստանի էներգետիկ բնագավառի մրցույթներին եւ այլ ծրագրերին: