16 փետրվարի 2012 - 11:15 AMT
Տիեզերական նացիստների մասին ֆիլմը Բեռլինի կինոփառատոնի հիթն է դարձել

Ֆինական գիտաֆանտաստիկ կատակերգական «Երկաթե երկինք» ֆիլմը, որը նվիրված է նացիստների տիեզերական հարձակումներին, դարձել է 2012թ Բեռլինի կինոփառատոնի ամենաքննարկվող ֆիլմը:

Ֆիլմը, որը նացիստների մասին է, ովքեր 2-րդ համաշխարհային պատերազմից հետո փախել են Լուսին և Երկրի վրա տիեզերական հարձակումներ են նախապատրաստում, ավելի մեծ ուշադրության է արժանացել, քան ավելի հայտնի ռեժիսորների աշխատանքները:

Բեռլինում այս տարի ներկայացվել է նաև դերասանուհի Անջելինա Ջոլիի առաջին ռեժիսորական աշխատանքը` «Մեղրի և արյան երկրում» ֆիլմը, որը բոսնիական պատերազմի մասին է:

«Երկաթե երկնքի» գործողությունները ծավալվում են 2018թ, երբ նացիստական զինվորը պատահաբար հանդիպում է ամերիկյան տիեզերագնացի:

Ֆիլմի հեղինակները օգտագործել են այն միտքը, որ 2-րդ համաշխարհայինի տարիներին նացիստները իբրև թե հաջողությամբ մշակում էին թռչող ափսեների ստեղծման մասին ծրագրեր:

Նախորդ տարի փառատոնի գլխավոր «Ոսկե արջ» մրցանակը բաժին էր հասել իրանական «Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը» դրամային, հայտնում է BBC-ն: