16 փետրվարի 2012 - 12:13 AMT
Սրտանոթային հիվանդությունները շարունակում են տարածվել ու երիտասարդանալ

Սրտանոթային հիվանդությունների առումով, թեև 2011 թվականի արդյունքները դեռևս ամփոփոված չեն, բայց մոտավորապես նախորդ տարիների միտումն է նկատվում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի տնօրեն, Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը՝ նշելով, որ նկատվում է սրտանոթային հիվանդությունների աճ, տարիքային փոփոխություն՝ սրտանոթային հիվանդությունների երիտասարդացում, և մահվան դեպքերի 50 տոկոսից ավելին շարունակում է կապված լինել սրտանոթային հիվանդությունների հետ:

«Եթե համեմատենք 2006 թվականի հետ, նկատվել է սրտանոթային հիվանդությունների 30 տոկոս աճ, բայց դա պայմանավորված է նրանով, որ բարձրացել են դիմելիությունն ու հայտնաբերելիությունը»,- մանրամասնեց սրտաբանը:

Նա նաև նշեց, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց 37-40 տոկոսը ունի սրտանոթային հիվանդություն: Իսկ այդ մարդկանց 75 տոկոսը աշխատունակ տարիքի է:

«Կան մետեոզգայուն օրգանիզմներ, որոնք զգայուն են ցանկացած եղանակային փոփոխության նկատմամբ՝ մասնավորապես ցրտելու դեպքում»,- ասաց Զելվեյանը՝ խորհուրդ տալով խրոնիկ հիվանդություններ կամ որևէ գանգատ ունեցողներին դիմել բժիշկի և կանխարգելիչ միջոցառումներ անցնել: