16 փետրվարի 2012 - 14:33 AMT
«Ժողովուրդ». Ալրաղացի Լյովը մեկուսացել է ու դարձել «Ախթամարի Լյով»

Սերժ Սարգսյանի երբեմնի սիրելի Լևոն Սարգսյանը` Ալրաղացի Լյովիկը, վերջին շրջանում մի տեսակ մեկուսացած է: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ նա ամիսներով բնակվում է Սևանում գտնվող իր «Ախթամար» համալիրում` չխառնվելով մայրաքաղաքում տեղի ունեցող որևէ իրադարձության: Նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Լևոն Սարգսյանն ընտրատեղամասում ծեծուջարդ էր սարքում հանուն ՀՀԿ-ի, իսկ այսօր «աքսորավայրում» է` դժգոհելով, որ ինքն ամեն ինչ արել է Սերժ Սարգսյանի համար, բայց այսօր ուրիշներն են վայելում իշխանությունը: Լևոն Սարգսյանը վերջին շրջանում շփվում է միայն Աժ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի` Բուռնաշի հետ:

«Ժողովրւրդ»-ի տեղեկությունների համաձայն` Սերժ Սարգսյանը Ալրաղացի Լյովիկին ուղիղ հասկացրել է, որ պատգամավորական մանդատ ունենալու հույս չպետք է ունենա: «Ո՞վ կպատկերացներ. Սերժ Սարգսյանի հայրը դառնալու համար Լևոն Սարգսյանն իր տղայի անունը Սերժ դրեց: Բայց անգամ այս հանգամանքն այլևս չի օգնի Լևոն Սարգսյանին` վերականգնելու առաջվա ազդեցությունը: Սերժ Սարգսյանը երես է թեքել նրանից: Ինչպես հայտնի է, նախագահական նստավայր տեղափոխվելուց հետո Սերժ Սարգսյանը շատ քրեական տարրերի իրենից հեռու է պահում: Գուցե նրանց կարիքը մեկ էլ զգացվի 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ»,- գրում է «Ժողովուրդը»: