16 փետրվարի 2012 - 14:36 AMT
Սրտաբան. Սրտանոթային հիվանդությունների թիվը նվազեցնելու համար պետական կանխարգելիչ ծրագիր է անհրաժեշտ

Սրտանոթային հիվանդությունները կանխարգելելու, դրանց թիվը նվազեցնելու համար անհրաժեշտ է պետական կանխարգելիչ ծրագիր մշակել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի տնօրեն, Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը` նշելով, որ ծրագրում պետք է ներգրավված լինեն նաև ԶԼՄ-ները, մասնավորապես պետք է հեռուստատեսությամբ ցուցադրել սոցիալական գովազդներ:

«Այսօր մենք չունենք սոցիալական գովազդներ, որոնք կքարոզեին առողջ ապրելակերպ: Մենք պատրաստ ենք ինքներս պատրաստել այ դ հոլովակները, միայն թե դրանց եթեր հատկացվի»,- ասաց սրտաբանը:

Որպես օրինակ բանախոսը ներկայացրեց Շվեդիայի փորձը, որտեղ սոցիալական գովազդներն ու հեռուստատեսությամբ առողջ ապրելակերպի քարոզը նշանակալի նվազեցրել են սրտանոթային հիվանդությունների տոկոսը. «Առաջին գործոնը, որ կնվազեցնի հիվանդությունների թիվը առողջ սնունդ օգտագործելն է՝ կենդանական ճարպերի նվազեցում ու բուսական ձեթերի օգտագործման ավելացում»: