16 փետրվարի 2012 - 14:37 AMT
Այս տարի Շեքսպիրյան փառատոնն անցկացվելու է ավելի համեստ

Հայաստանի թատերական գործիչների միությունը 2012 թ-ին կշարունակի իր ավանդական ծրագրերը: Այնուամենայնիվ, Շեքսպիրյան փառատոնը այս տարի մեծ ֆորմատով չի կայանա, ինչպես նախկին տարիներին: Մամլո ասուլիսում ՀԹԳՄ քարտուղար Սոնա Մելոյանը նշեց, որ լավ ներկայացում Հայաստան բերելը մեծ հոնորարների խնդիր է և առանց լուրջ աջակցության ԹԳՄ-ն ի վիճակի չէ դա անել: Այնուամենայնիվ, փառատոնը կայանալու է, բայց հավանաբար, մոնոներկայացումների ֆորմատով:

Խոսելով այլ ծրագրերից, Մելոյանն ասաց, որ միությունը շարունակելու է իր ավանդական ծրագրերը: Փետրվարի 29-ին մեկնարկելու է «Արմմոնո» փառատոնը, որն այս տարի նշելու է 10-ամյակը: Այս առիթով, Մելոյանի խոսքով, սպասվում է հաջողված ծրագիր:

Թատրոնի միջազգային օրը` մարտի 27-ին տեղի կունենա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը. արդեն սկսվել են դիտումները, հայտերի ընդունումը: Այս առիթով քարտուղարն ընդգծեց, որ այս տարի շատ ակտիվ են երիտասարդները: