Քաղաքապետարան. Քաղաքապետին վերագրվող խոսքը ներկայացվել է խեղաթյուրված և համատեքստից դուրս

Քաղաքապետարան. Քաղաքապետին վերագրվող խոսքը ներկայացվել է խեղաթյուրված և համատեքստից դուրս

PanARMENIAN.Net - Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածում` պուրակին հարակից ոչ կանաչ գոտում տեղադրվող ժամանակավոր շինությունների դեմ բողոքող հասարակական նախաձեռնության ներկայացուցիչների կողմից այսօր որոշ ԶԼՄ-ներով տարածած հայտարարության առնչությամբ, որում մասնավորապես տեղ է գտել Եղիա Ներսիսյանի հայտարարությունը, թե Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ քաղաքապետը իբր «առաջարկել է իր հետ չխոսել օրենքից, այլ օրենքից խոսելու համար դիմել դատարան», Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ քաղաքապետին վերագրվող խոսքն ակնհայտ միտումնավորությամբ ներկայացվել է խեղաթյուրված և համատեքստից դուրս:

«Իրականում, հանդիպման ժամանակ հասարակական նախաձեռնության ներկայացուցիչների պնդմանը, թե ժամանակավոր շինությունների տեղադրումն իրականացվում է առանց համապատասխան փաստաթղթերի առկայության, ինչն օրենքի խախտում է, քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է նրանց, որ այդ աշխատանքներն իրականացվում են օրենքի շրջանակում` հաստատված և համաձայնեցված քաղաքաշինական փաստաթղթերի համապատասխան, ինչը, սակայն, չի բավարարել նախաձեռնության ներկայացուցիչներին և նրանք պնդել են, որ կա օրենքի խախտում: Ի պատասխան այդ պնդման, քաղաքապետ Տարոն Մարգարյանը առաջարկել է դիմել դատարան և օրենքին համապատասխանության հարցը վիճարկել դատարանում»,- նշվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Երևանի քաղաքապետարանը մեկ անգամ ևս վստահեցնում է, որ Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածում` պուրակին հարակից ոչ կանաչ գոտում ժամանակավոր շինությունների տեղադրումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով` հաստատված և համաձայնեցված քաղաքաշինական փաստաթղթերի համապատասխան:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---