17 փետրվարի 2012 - 11:33 AMT
ԱՄՆ հետախուզություն. Սիրիայում ահաբեկչական գործողությունների մեղսակից է «Ալ Քայիդան»

Սիրիայում ահաբեկչական գործողությունների մեղսակից է «Ալ Քայիդան», հայտարարել է ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Քլափփերը, հայտնում է Agence France-Presse-ը:

«Դամասկոսում ու Հալեպում տեղի ունեցած պայթյունները 2011թ. դեկտեմբերից ի վեր ունեն Ալ Քայիդային բնորոշ բոլոր նշանները»,-ասել է Քլափփերը: «Մենք գտնում ենք, որ «Ալ Քայիդայի» Իրաքի բաժանմունքը տարածում է իր գործունեությունը նաև Սիրիայի վրա»,-ասել է Քլափփերը:

ԱՄՆ հետախուզության ղեկավարը նաև ասել է, որ «Ալ Քայիդայի» գրոհայինները ներթափանցում են նաև ընդդիմության շարքերը: «Ընդ որում ընդդիմադիրները չեն էլ իմանում իրենց շարքերում ահաբեկիչների առկայության մասին»,-հավելել է նա:

Քլափփերը նաև ասել է սենատորներին, որ Ասադի ռեժիմն այժմ կարծես թե ունակ է պահելու իշխանությունը, իսկ ընդդիմությունը պառակտված է մնում:

Ջեյմս Քլափփերը պատմել է նաև Սիրիայում քիմիական զենքի պահեստների մասին, որոնք սակայն դեռևս հուսալիորեն պահպանվում են: