17 փետրվարի 2012 - 12:23 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ա. Բաղդասարյան. Սահմանի անվտանգությունն ամրապնդվում է ողջ երկայնքով

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդում տեղի է ունեցել Սահմանային անվտանգության ապահովման և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարության դրույթներով նախատեսված ծրագրերի ընթացքը դիտարկող միջգերատեսչական հանձնաժովի նիստը, որը վարում է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Ըստ նրա, սահմանային անվտանգությունը մշտապես գտնվում է ՀՀ նախագահի ու ԱԱԽ ուշադրության կենտրոնում: Նա նշել է, որ Սահմանային անվտանգության ապահովման և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարության ընդունումից հետո այդ ոլորտում կան զգալի զարգացումներ: ԱԱԽ քարտուղարը նշել է պայմանավորվածությունը Ռուսաստանի հետ՝ Թուրքիայի ու Իրանի հետ սահմանում ենթակառուցվածքների արդիականացման մասին, և ԵՄ հետ՝ Վրաստանի հետ սահամանային անցակետերի արդիականացման մասին: «Այդ զարգացումները թույլ են տալիս մեզ պնդել, որ ՀՀ սահմանի ողջ երկայնքով իրականացվող միջոցառումները կբարձրացնեն սահմանների անվտանգությունը»,-հայտարարել է նա:

Իր հերթին UNDP «Հարավային Կովկասում պետական սահմանի համալիր կառավարման ծրագրի» ղեկավար Գրիգորի Մալինցյանը նշել է, որ Եվրոպական ներդրումային բանկն ու ՎԶԵԲ-ը 40 մլն եվրո վարկ են հատկացրել Բագրատաշենի, Բավրայի ու Գոգավանի սահմանակետերի վերակառուցման համար: Եվս 17 մլն եվրո որպես դրամաշնորհ կհատկացնեն դոնորները: Ըստ նրա, հունիս-հուլիսին արդիականացման այդ ծրագիրը կսկսի գործել: Ի պատասխան Արթուր Բաղդասարյանը նշել է, որ հարկավոր է անել հնարավորը, որպեսզի ծրագիրը ավելի շուտ մեկնարկի:

ՖՈՏՈՇԱՐՔ